20 Ապրիլ 2026-ին, Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակին նուիրուած հայկական խաչքարի բացումն ու օրհնությունը՝ Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի ձեռամբ։
Նախ՝ քաղաքի աւետարանական Նիկողայոս եկեղեցում (Nikolaikirche) տեղի ունեցաւ Խաղաղութեան միջեկեղեցական արարողություն։ Արարողութեան ընթացքում ողջոյնի կամ յիշատակի խօսքեր արտասանեցին նոյն եկեղեցու հոգեւոր հովիւ պատուելի Բերնհարդ Շտիֆը (Pfarrer Bernhard Stief), Լայպցիգի Հայկական մշակութային միութեան նախագահ դոկտոր Անահիտ Բաբայեանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը, Լայպցիգի գլխաւոր քաղաքապետ Բուրկհարդ Եունգը (Burkhard Jung)։
Արարողությունն ուներ նաեւ երաժշտական բաժին, որը կատարեցին հայ եւ գերմանացի երեխաներից կազմված երգչախումբը, ինչպես նաեւ Հենք Գալընկամփը (Henk Galenkamp, երգեհոն) Անի Պօղոսեանը (քանոն), Արփի Գրիգորեանը (սոպրան), Թիլման Լուդվիգը (Tilman Ludwig, դուդուկ)։
Միջեկեղեցական արարողութեան ընթացքում Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանը, շրջանի հոգեւոր հովիւ արժ․ Տ․ Յակոբ քահանայ Յակոբեանի մասնակցութեամբ, Բարեխօսական կարգ կատարեց՝ հայցելով Ցեղասպանութեան զոհ դարձած մեր սուրբ նահատակների բարեխօսութիւնն առ Աստուած՝ վասն խաղաղութեան համայն աշխարհի։
Միջեկեղեցական արարողութեան աւարտին մասնակիցներն ու ներկաները ոտքով շարժուեցին դէպի քաղաքի Սուրբ Երրորդութիւն կաթողիկէ եկեղեցի (Propsteikirche St. Trinitatis), որի հարեւանութեամբ կանգնեցուած է հայկական խաչքարը։ Ձեռամբ Սերովբէ սրբազանի տեղի ունեցաւ Խաչքարի օրհնութեան կարգ, որին մասնակցեցին նաեւ Տէր Յակոբ քահանան, աւետարանական պատուելի Բերնհարդ Շտիֆը եւ կաթողիկէ եկեղեցու հոգեւոր տեսուչ Ռալֆ Կոխինկան (Propst Ralph Kochinka)։
Խաչքարի արձանագրութիւնն է․ «1915 թվականին Օսմանյան կայսրությունում մեկնարկած Հայոց ցեղասպանության 1.500.000 զոհերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների հիշատակին նվիրված խաչքար
Այս խաչքարը հիշեցնում է հայկական մշակույթի եւ քրիստոնեական հավատքի վերացման փորձերը եւ ընդգծում մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը։ Այն 2005 թվականին Ջուղայում (Նախիջևան) ոչնչացված խաչքարի կրկնօրինակն է։
Որպես խաղաղության ու հաշտության խորհրդանիշ՝ կոչ է ապագա սերունդներին պահպանելու արդարությունը եւ նպաստելու ժողովուրդների խաղաղ համակեցությանը։
Հայկական խաչքարերի ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Հուշարձանը կանգնեցվել է Լայպցիգ եւ Երևան քաղաքների համագործակցության շրջանակում։
Իրականացվել է Լայպցիգի Հայ Մշակութային Միության (Armenische Kulturgemeinde Leipzig e.V.) նախաձեռնությամբ՝ նվիրատու քաղաքացիների հանգանակությունների շնորհիվ։
Միջեկեղեցական արարողութեանն ու Խաչքարի օրհնութեանը մասնակցում էին Լայպցիգից, Հալլէից եւ շրջակայ այլ բնակավայրերից ժամանած շուրջ 150 հայեր եւ բազմաթիւ գերմանացիներ, քաղաքային իշխանութեան ներկայացուցիչներ։ Ներկաների մէջ էին նաեւ Թեմական Խորհրդի անդամ դոկտոր պրոֆեսոր Արեմենուհի Դրոստ-Աբգարեանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի վարչութեան ատենապետ Յարութիւն Մանուկեանը եւ վարչական այլ անդամներ։