Գերմանիայի Հայոց Թեմի կազմակերպութեամբ 10 Նոյեմբեր 2023 թուականին Քէօլնի «Domforum» հանդիսասրահի մէջ տեղի ունեցաւ հայ անուանի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարեանին (1871-1928) եւ Լազար (Ղազարոս) Սարեանին (1920-1998) նուիրուած համերգ։
Համերգի ամբողջ ծրագիրը կազմուած էր երկու կոմպոզիտորների ծանօթ ու անծանօթ մի շարք ստեղծագործութիւններից, որոնց փայլուն կատարումներով հանդէս եկան Սիփան Օլահը (տենոր, Լոնդոն), Անուշ Նազարեանը (սոպրան, Քէօլն), Մարիա Փալազեանը (դաշնամուր, Լոնդոն), Յակոբ Մուրադեանը (հոբոյ, Լոնդոն), ինչպէս նաեւ լարային քառեակը Քէօլնից (Լիւսի Յովհաննիսեան՝ 1-ին ջութակ, Աստա Մամիկոնեան՝ 2-րդ ջութակ, Սարգիս Սարուխանեան՝ ալտ, Դմիտրի Գորնովսկի՝ թաւջութակ)։
Համերգի բացումը կատարեցին Domforum-ի փոխտնօրէն Ռայնէր Վիլլը եւ Առաջնորդարանի քարտուղար Սայաթ սարկաւագ Բոյաջեանը։
Համերգի աւարտին Թեմիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը շնորհակալութիւն յայտնեց բոլոր երաժիշտներին՝ բարձրակարգ երգ ու երաժշտութեան միջոցով մի փոքր Հայաստան ու հայ մշակոյթ ներկաներին ներկայացնելու համար եւ իր օրհնութիւնը փոխանցեց նրանց իրենց հետագայ ստեղծագործական կեանքի ճանապարհին։
Համերգի կազմակերպմանը աջակցել էին Քէօլնի Հայ Համայնքը, Քէօլնի կաթողիկէ Bildungswerk-ը, Լոնդոնի Klingen երգչախումբն ու մշակութային ընկերակցութիւնը, Ալեքսանդր Սպենդիարեանի եւ Մարտիրոս Սարեանի տուն-թանգարանները Երեւանից։
Նկարները՝ Edmond Haghnazarian