24 Ապրիլ 2024 թ․ Ֆրանկֆուրտի Փաուլսքիրխէ* հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների ոգեկոչմանը նուիրուած Գերմանիայի կենտրոնական յուշերեկոն։ Յուշերեկոն կազմակերպուել էր, ինչպէս նախորդ տարիներին, Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից:
Ոգեկոչման յուշերեկոյի սկզբում ներկաներին ողջունեց Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դր․ Բաստիան Բերգերհոֆը։ Յուշերեկոյի բացումը կատարեց ԳԿԽ-ի ատենապետ Յովնաթան Շպանգենբերգը՝ յանուն կազմակերպիչների ողջունելով հայ եւ օտար հիւրերին ու ներկաներին։ Ապա ելոյթ ունեցաւ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը։
Միջոցառմանը ողջոյնի խօսքեր արտասանեցին Գերմանիայի Հեսսէն երկրամասի Լանդթագի (երկրամասային խորհրդարան) փոխնախագահ տիկին Անգելա Դորնը, նոյն Լանդթագի պատգամաւոր եւ Հեսսէնի երկրամասի վարչապետ Բորիս Ռհայնի ներկայացուցիչ պարոն Անդրեաս Հոֆմայսթերը։
Յուշերեկոյի ընթացքում իր հեղինակած «Ծիրանի ժամանակ, մթագնած» („Aprikosenzeit, dunkel“) վէպից հատուածներ կարդաց գերմանա-հայկական արմատներով (հայրը՝ գերմանացի, մայրը՝ հայ) Կորինա Քուլենքամփը (Corinna Kulenkamp)։ Վէպի, որը հրատարակուել է Բեռլինի «Օռլանդա» հրատարակչութեան կողմից 2023 աշնանը, գլխաւոր հերոսուհի Կարինէն Ցեղասպանութեան վերապրածի թոռնուհի է։ Նրա անհատական կեանքի եւ արմատների փնտռտուքի միջոցով հեղինակը փորձում է լոյս սփռել աւելի քան հարիւր տարուայ անցեալի իրադարձութիւնների եւ Ցեղասպանութեան մութ կողմերի վրայ։
Յուշերեկոյի հիմնական բանախօսն էր Միջազգային քրեական դատարանի հիմնադիր նախագահ արգենտինացի Լուիս Մորենօ Օկամփօն, որը կազմակերպիչների հրաւէրով յատուկ այս առիթով ժամանել էր Գերմանիա։ Պարոն Օկամփօն իր բանախօսութեան մէջ զուգահեռներ անցկացրեց Հայոց ցեղասպանութեան եւ արցախահայութեան նկատմամբ կիրառուած ոճրագործութիւնների միջեւ՝ ընդգծելով, որ այն մեր օրերում իրագործուած ցեղասպանութիւն է եւ ինչպէս անցեալի ցեղասպանութիւնները, այն եւս պէտք արժանանայ միջազգային հանրութեան եւ մասնաւորաբար գերմանական իշխանութիւնների համարժեք գնահատանքին։ Իրերը պէտք է կոչել իրենց անուններով, ցեղասպանութիւնը չի կարելի արհամարհել, խօսքերին պէտք է յստակ քայլեր յաջորդեն։ Իր խօսքում պարոն Օկամփօն նշեց․ «1915 թուականի ապրիլի 24-ի գիշերը Կ․ Պոլսում օսմանեան իշխանութիւնները ձերբակալեցին հարիւրավոր հայ առաջնորդների։ Նրանք տեղահանուեցին ու սպանուեցին։ Վերնախաւի նկատմամբ կիրառուածները հայ համայնքի ոչնչացման առաջին քայլն էին։ Դառը յեգնանք է, որ հարիւր եւ աւելի տարիներ անց նոյն ռազմավարութիւնն է կիրառւում։ 2023 թուականի սեպտեմբերի վերջին Արցախում ապրող բոլոր հայերը ցեղասպանութեան զոհ դարձան. բռնութեամբ ու սովի մատնելով նրանք քշուեցին իրենց պապենական հողերից։ Նրանցից աւելի քան քսանը, այդ թւում՝ Արցախի երեք նախկին նախագահները եւ եւս հինգ այլ ղեկավարներ, ձերբակալուել են Ադրբեջանի կողմից։ Նրանք տարուել են Բաքու եւ մինչ օրս գտնւում են բանտում։ Նրանց գերութիւնը ցեղասպանութեան մի մասն է եւ ուղերձ է արցախահայերին․ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու պարագայում դուք սովից կը մեռնէք, կը բանտարկուէք, կը սպանուէք։ Արցախի ղեկավարութիւնը պատանդ է պահւում»։
«Գերմանիայի ներկայ կանցլերը երկու օր յետոյ Բեռլինում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Ցեղասպանութիւնը չի կարելի անտեսել.․․ Որպէս Ցեղասպանութեան մասին կոնվենցիայի կողմ՝ Գերմանիան իրաւաբանօրէն պարտաւոր է կանխարգելել ցեղասպանութիւնը։ Սա նշանակում է ապահովել, որ հայերը կարողանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ պահանջել ազատ արձակել նրանց ղեկավարութեանը: Ինչպիսի տնտեսական կամ քաղաքական շահեր էլ լինեն Ադրբեջանի հետ լաւ յարաբերութիւններ պահպանելու համար, այդ շահերը չեն կարող են անտեսել տեղի ունեցող ցեղասպանութիւնը եւ Արցախի վերնախաւի բանտարկութիւնը: Անցեալ սեպտեմբերին նախագահ Ալիեւը մի քանի հեռուստատեսային ելույթների ժամանակ տօնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի վտարումը` յայտարարում էր. «Ես ասացի, եթէ նրանք [էթնիկ հայերը] կամովին չլքեն մեր հողերը, մենք նրանց շների պէս կը քշենք, եւ դա այն է, ինչ մենք անում ենք»։ Ուշագրաւն այն է, որ Ալիեւի կողմից վերահսկուող Ադրբեջանի խորհրդարանը յստակօրէն ցոյց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի գրաւումը նրանց վերջնական նպատակակետը չէ։ Նրանք հաւակնում են Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքին որպէս Արեւմտեան Ադրբեջան։ Այդ խորհրդարանը ընդունել է «Հռչակագիր արեւմտեան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի մասին» վերնագրով բանաձեւ եւ ցուցադրել հայկական տարածքների նկատմամբ իր նկրտումները։
․․․ Ցեղասպանութիւնը սահման է, որը «կառուցողական երկխոսության» ժամանակ անկարելի է անտեսել։ Բառերը գեղեցիկ են, բայց դրանք բաւարար չեն։ Գերմանիան պարտաւոր է կանխել ցեղասպանութիւնը. Կանխարգելումը չի պահանջում դատարանի որոշում՝ որոշելու համար, թէ արդեօ՞ք տեղի է ունեցել ցեղասպանութիւն: Բաւական է իմանալ, որ ցեղասպանութիւն իրագործելու «լուրջ ռիսկի» առկայութեան մասին»։
Երաժշտական դադարից յետոյ ներկաներին յիշատակի խօսք ուղղեց Գերմանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը։ Առաջնորդ սրբազանը ի մասնաւորի ասաց․ «Երբեք չէի կարող պատկերացնել, որ 21-րդ դարում աշխարհը թոյլ կը տայ նման անմարդկային յանցագործութիւն, ինչ-որ պատահեց Արցախում։ Մենք ստիպուեցինք մէկ անգամ եւս արձանագրել, որ նաեւ մեր ժամանակներում արդարութիւնն ու բարոյականութիւնը յաճախ զոհաբերւում են քաղաքական ու տնտեսական շահերին եւ քողարկում անմեղ մարդկանց տառապանքը։ Ի տես այս մռայլ իրականութեան՝ բարութեանն ու ճշմարտութեանը հաւատացող բոլոր մարդիկ պէտք է անսասանօրէն կանգնեն բռնութեան բոլոր ձեերի դէմ՝ ոչ միայն խօսքով, այլեւ գործով: Իրական արդարութիւնը որոշւում է ոչ թէ հաշուարկներով եւ տնտեսական շահերով, այլ կարեկցութեամբ, մարդասիրությամբ եւ մարդկային կեանքի հանդէպ յարգանքով: Մենք այո՛ ենք ասում խաղաղութեանը, բայց արդար խաղաղութեանը։ Մենք այո՛ ենք ասում Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը, բայց ոչ միակողմանի զիջումներով։ Ցեղասպանութեան իրողութիւնը չի կարելի ո՛չ մոռանալ, ո՛չ էլ արհամարհել»։
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց» յաղթական աւետիսով առաջնորդ սրբազանը հրաւիրեց բոլորին երբեք չկորցնել մահուան նկատմամբ կեանքի յաղթանակի յոյսը, աղօթել ու ապաւինել Աստծոյ զօրութեանը եւ անյոգնաբեկ պայքարել՝ ի խնդիր ողջ աշխարհում խաղաղութեան եւ արդարութեան յաղթանակի: Խօսքի աւարտին Սերովբէ սրբազանը ընկերակցութեամբ Գերմանիայի Միջ-եկեղեցական կենտրոնական խորհրդի նախագահ Կոնստանտին Միւռոն աւագ քահանայի եւ շրջանի հոգեւոր հովիւ Տ․ Վահրիճ քհնյ․ Բաղադասրեանի աղօթակցութեամբ կատարեց Սրբող նահատակաց բարեխօսական կարգ։
Յուշերեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ելոյթ ունեցաւ Անի Աղաբեկեանը (ջութակ) եւ Հայկ Սուքիասեանը (թաւջութակ)՝ հնչեցնելով Կոմիտասի եւ Բախի ստեղծագործութիւններ։
Յուշերեկոյին ներկայ էին շուրջ 500 հայ եւ օտար մասնակիցներ, ի շարս որոց՝ Հեսսէնի երկրամասային խորհրդարանի պատգամաւորներ, Ֆրանկֆուրտի քաղաքային խորհրդի անդամներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, թեմական խորհրդի անդամներ եւ գերմանահայ զանազան կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։
Դիւան Առաջնորդարանի
*(Paulskirche-ն մինչեւ 1944 թ․ եկեղեցի է եղել։ Պատերազմի ռմբակոծութեան պատճառով հրդեհուել է։ Հետագայ տարիներին վերանորգուել է եւ այնուհետեւ ծառայում է որպէս հանդիսասրահ։ Paulskirche-ն այն վայրն է, որտեղ 1848 թ․ տեղի են ունեցել գերմանական ազգային խորհրդարանի նիստերը եւ ընդունուել է սահմանադրութիւնը)
Լուսանկարները՝ Edmond Haghnazarian