20 Ապրիլ 2024֊ին Բոնն քաղաքի մէջ Թեմիս Առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը «Շթեֆանուս» Հիմնադրամի հրաւէրով մասնակցեց եւ ողջոյնի խօսք արտասանեց աւստրիացի լեզուաբան եւ հայագէտ Եասմին Դում-Թրագութին եւ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանին հիմնադրամի յատուկ մրցանակներով պարգեւատրելու հանդիսութեանը։ Մրցանակակիրների գործունէութեան ներբողականը կատարեց Նիւրնբերգի համալսարանի դասախօս, միջազգային իրաւունքի մասնագէտ եւ Գերմանահայ Իրաւաբանների միութեան նախագահ դր. Գուրգէն Պետրոսեանը։
«Շթեֆանուս» Հիմնադրամը ամէն տարի յատուկ մրցանակով պարգեւատրում է հալածուող քրիստոնեաների իրաւունքների պաշտպանութեան համար համար պայքարող անհատների եւ հասարակական գործիչների։ Այս տարի Հիմնադրամի յատուկ մրցանակին էին արժանացել տիկին Դում-Թրագութը եւ պարոն Ստեփանեանը։ Հիմնադրամը նշուած երկու անձերին էր ընտրել Արցախի ժողովրդի եւ նրանց պատմա-մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղուած նրանց անյոգնաբեկ ջանքերի եւ գործունէութեան համար։
Հալածեալ քրիստոնեաների պաշտպանութեան «Շթեֆանուս» հիմնադրամը գործում է 2006 թուականից։ Ինչպէս անունն է մատնանշում, Հիմնադրամի նպատակը հալածուած քրիստոնյաներին աջակցութիւնն է։ Հիմնադրամը ներկայիս գործում է Մերձաւոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Հարաւային Ասիայում: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում խտրականութեան պատճառով կարիքաւոր քրիստոնեաների եւ նրանց ընտանիքի անդամներին, հոգում նրանց ապրուստը կամ ուսման ծախսերը: Բացի դրանից այն ազգային և միջազգային կազմայերպութիւնների ուշադրութիւնն է հրաւիրում հալածուող քրիստոնյաների իրավիճակի վրայ՝ լրատուամիջոցների, միջոցառումների եւ այլ ձեռնարիկների միջոցով:
Հանդիսութեան ընթացքում Դր․ Եասմին Դում Թրագութը հանդես եկաւ Արցախի պատմա-մշակութային ժառանգութեան եւ նրան սպառնացող օտարման կամ ոչնչացման մասին բանախօսութեամբ։ Պարոն Ստեփանեանը ցաւօք չէր կարողացել ժամանել Գերմանիա եւ իր խօսքը ներկաներից յղեց հեռավար կարգով։
Մրցանակաբաշխութիւնն աւարտուեց Սերովբէ Սրբազանի արտասնած «պահպանիչ» աղօթքով։ Առաջնորդ Սրբազանին ընկերակցում էր Քէօլնի հոգեւոր հովիւ հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։