GENOZIDGEDENKEN IN BERLIN

24 Ապրիլ 2023-ին, Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակնեի յիշատակի օրը, Թեմիս առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը մասնակցեց մայրաքաղաք Բեռլինում նախատեսուած միջոցառումներին։
Նախ՝ ժամը 18-ին, Բեռլինի „Sankt Hedwigs“ կաթողիկէ մայր տաճարի (Այս տաճարում է 1919 թուականի մայիսի 14-ին տեղի է ունեցել 1915 թ․ Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած հոգեհանգստյան առաջին արարողութիւնը՝ ներկայութեամբ գերմանական քաղաքական ու եկեղեցական լայն շրջանակների) հարեւանութեամբ տեղադրուած Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած խաչքարի առջեւ, տեղի ունեցաւ ծաղկեպսակի զետեղում։
Արարողութեան սկզբում Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանի կողմից կատարուեց Սրբոց նահատակաց բարեխօսական կարգ, որից յետոյ խաչքարի առջեւ զետեղուեցին ծաղկեպասակներ Գերմանական Բունդեսթագի, Գերմանիայում ՀՀ դեսպանութեան, Գերմանիոյ Հայոց Թեմի եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի կողմից։
Ծաղկեպսակի զետեղման արարողութեանը մասնակցեցին Բունդեսթագի փոխ-նախագահ տիկին Քաթրին Գէօրինգ-Էքերհարդթը, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը, ԳԿԽ-ի ատենապետ Յովնաթան Շպանգենբերգը, ՀՀ դեսպանութեան եւ Գերմանիայի ԱԳՆ-ի, ինչպէս նաեւ Բեռլին հայկական համայնքների ներկայացուցչիներ։
Նոյն օրը աւելի ուշ, նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Գերմանիոյ Հայոց Թեմի, Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի եւ Գերմանիայում ՀՀ դեսպանութեան, Բեռլինի „Friedrichshain“ թաղամասի կինոթատրոնում տեղի ունեցաւ Իննա Սահակեանի «Աւրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրութիւնը, որի իրականացումը հնարաւոր դարձաւ Gebrueder beetz filmproduktion/a LEONINE ընկերութեան հետ համագործակցութեամբ:
«Աւրորայի լուսաբացը» (Englisch: „Aurora’s Sunrise“, Deutsch: „Aurora – Star wider Willen“) ֆիլմը նկարահանուել է BARS Media, gebrueder beetz filmproduktion, ARTBOX laisvalaikio klubas, գերմանական ZDF-ի եւ գերմանա-ֆրանսիական arte-ի համատեղ ջանքերով։
«Աւրորայի լուսաբացը», հին ֆիլմից մնացած դրուագների, հարցազրոյցների ու գծաշարժապատկերների միջոցով պատմում է Աւրորա Մարդիգանեանի (1901–1994) յուզիչ կեանքը, ով 14 տարեկանում վերապրում է Հայոց ցեղասպանութիւնը, որին սակայն զոհ է գնում նրա ողջ ընտանիքը։ Նա միայնակ փախչում է ԱՄՆ, որտեղ նրա՝ ցեղասպանութեան վերապրածի, պատմութիւնը բարձրանում է մեծ էկրան որպէս հոլիվուդեան համր ֆիլմ։ Ֆիլմում Աւրորան մարմնաւորում է ինքն իրեն։ «Աւրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացուած է «Օսկար»-ի մրցանակաբաշխութեանը։
Ֆիլմի ցուցադրութեանը ներկայ գտնուեց նաեւ Թեմիս առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ եպս․ Իսախանեանը։ Ցուցադրութեան աւարտին յանուն հայկական երեք հաստատութիւնների տեղի ունեցաւ ընդունելութիւն։