Ուրբաթ, 17 Նոյեմբեր 2023 Քէօլնի Domforum-ի մէջ տեղի ունեցաւ 2023 թ․ Քէօլնի հայ մշակութային օրերի յաջորդ ձեռնարկը։ Այս անգամ հայկական տոհմիկ ազգագրական երգերի կատարմամբ հանդէս եկաւ Հայաստանից հրաւիրուած «Շուշիկի Բենդ» եռեակը։
Ձեռնարկի բացումը կատարեց եւ ներկաներին յանուն Թեմի եւ Առաջնորդ Սրբազանի ողջունեց Առաջնորդարանի քարտուղար Սայաթ սարկաւագ Բոյաջեանը։
Այնուհետեւ Հայաստանից ժամանած երեք երիտասարդ ու համակրելի հայ երիտասարդներ Թամարա Աթանեսեանը, Մերի եւ Նարէ Քարտաշեան քոյրերը տոմիկ ազգագրական եւ ժողովորդական երգերի գեղեցիկ ու ճաշակաւոր կատարումներով հաճելի մթնոլորտ ստեղծեցին լեփ-լեցուն դահլիճում՝ բազմաթիւ հաճելի պահեր ու ապրումներ պարգեւելով ներկաներին։
Համերգի աւարտին խօսք առաւ Թեմիս Առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը՝ իր օրհնութիւնն ու գնահատանքը բերելով երիտասարդ երգիչներին՝ հայկական տոհմիկ ու աւանդական երգը ապրեցնելու եւ մինչեւ Գերմանիայի ու Քէօլնի հայ եւ օտար լսարանին փոխանցելու համար։ Սրբազանը Շուշիկի Բենդին մաղթեց նորանոր ելոյթներ ու յաջողութիւններ Հայաստանում կամ այլուր։
Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Katholisches Bildungswerk-ի պատասխանատուներին՝ Domforum-ի գեղեցիկ հանիսասրահը մշակութային օրերի տարբեր ձեռնարկների համար Առաջնորդարանի սիրով տրամադրելու համար։
Լուսանկարները՝ Edmond Haghnazarian 🙏🏼