2023 թուին լրանում է Հայ Եկեղեցու եռամեծար սուրբերից մէկի՝ Սբ․ Ներսէս Շնորհալի Հայրապետի մահուան 850-ամեակը։ Այս առիթով հրապարակուել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, որով Վեհափառ Հայրապետը վերարժեւորում է Սբ․ Ներսէս Շնորհալի Հայրապետի գործունէութիւնն ու վաստակը եւ հրաւիրում՝ տարաբնոյթ ձեռնարկների կազմակերպմամբ ոգեկոչել նրա յիշատակը եւ հանրութեանը ներկայացնել նրա հարուստ ժառանգութիւնը։ Եռամեծար սուրբի յիշատակումը գրանցուած է նաեւ ՈՒՆԵՍԿՕ-ի յոբելիննական օրացոյցում։ Աշխարհի զանազան երկրներում տեղի են ունենում բազմաթիւ միջոցառումներ՝ նուիրուած հայ ժողովրդի մեծագոյն անհատականութիւններիղ մէկին։
Սուրբ Ներսէս Շնորհալի Հայրապետին նուիրուած միջոցառումներ են նախատեսուած նաեւ Գերմանիայի Հայոց Թեմում, որոնց շարքին նաեւ «ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ» արական երգչախմբի համերգները, որոնք Թեմի հովանաւորութեամբ եւ նիւթական աջակցութեամբ կազմակերպել էին առաջնորդական մեր համայնքները՝ Շտուտգարթ, Միւնխէն, Նոյվիդ եւ Քէօլն քաղաքներում։
Վերոյիշեալ քաղաքներում տեղի ունեցած համերգների ընթացքում «Սաղմոսերգու»ն խմբավար Վահէ Բեգոյեանի ղեկավարութեամբ ներկայացրեց Շնորհալու երաժշտական հարուստ ժառանգութիւնից մի շարք նմուշներ՝ Արեւագալի ժամերգութիւն, Սբ․ Պատարագ, Շարականներ եւ Տաղեր։
Համերգները ուղեկցւում էին Երեւանի Կոմիտասի թանգարանի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նաւոյեանի Սբ․ Ներսէս Շնորհալի Հայրապետի մասին յատուկ բանախօսութեամբ, որի ընթացքում նա ներկայացնում էր Շնորհալի Հայրապետի երաժշտական բեղուն ժառանգութիւնը։
Նոյվիդի եւ Քէօլնի համերգներին ներկայ էր եւ ողջոյնի ու օրհնութեան խօսքեր արտասանեց նաեւ Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։
*Edmond Haghnazarian-ի կողմից կատարուած նկարները ներկայացնում են Քէօլնի համերգը։