Անցած շաբաթավերջին Գերմանիայի Նաումբուրգ քաղաքի մայր տաճարի յարակից պարտէզում տեղի ունեցաւ հայկական խաչքարի օրհնութիւն՝ հանդիսապետութեամբ Թեմիս առաջնորդ գերաշնորհ տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի եւ մասնակցութեամբ միջեկեղեցական ներկայացուցիչների եւ ներկայութեամբ հայ ու գերմանացի պետական ու դիւանագիտական պաշտօնեաների։
Հայկական Խաչքարը Նաումբուրգ քաղաքին է նվիրուել Հայաստանի Արմաւիր քաղաքի կողմից՝ ի նշանաւորումն զոյգ քաղաքների միջեւ համագործակցութեան հաստատման եւ մշակութային կապերի խորացման։
Նախ՝ մայր տաճարի արեւելեան խորանի առջեւ տեղի ունեցաւ Միջեկեղեցական ժամերգութիւն՝ գերմաներէն եւ հայերէն լեզուներով։ Ժամերգութեանը բացի Սերովբէ սրբազանից մասնակցում էին շրջանի հայ համայնքների հոգեւոր հովիւ արժանապատիւ տէր Յակոբ քահանայ Յակոբեանը, Գերմանիայի Ավետարանական Եկեղեցու տարածաշրջանային եպիսկոպոս դոկտոր Յոհանն Շնայդերը, Նաումբուրգի Քրիստոնեական Եկեղեցիների Համագործակցության Խորհրդի (ACK) անդամներ։
Ժամերգութեանը ներկայ էին նաեւ Սաքսոնիա-Անհալթ Երկրամասի Խորհրդարանի նախագահ դոկտոր Գուննար Շելենբերգէրը, Նաումբուրգի գլխաւոր քաղաքապետ Արմին Միւլլէրը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Դաւիթ Խուդաթեանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վիկտոր Ենգիբարեանը, Հայաստանից ժամանած պետական պատուիրակութեան այլ անդամներ։
Ժամերգութեան աւարտին թեմակալ առաջնորդ Սերովբէ սրբազանն իր խօսքում ընդգծեց հայկական խաչքարի հոգեւոր խոր իմաստը․ «Խաչքարը պարզապէս քանդակագործական արժեք ունեցող քար չէ. այն մեր ժողովրդի հոգեւորութեան եւ քրիստոնէական դարաւոր հաւատքի վկայութիւնն է, որ դրսեւորուել է Հայաստանում քրիստոնէութեան պաշտօնական ընդունման ժամանակներից սկսած եւ շարունակուել միշտ՝ անգամ հալածանքների, տառապանքի եւ ցեղասպանության միջով անցնելու ընթացքում․․․ Ով այցելում է Հայաստան, իր այցելութեան ողջ ընթացքում կրկին ու կրկին հանդիպում է հարիւրաւոր հին ու նոր խաչքարերի՝ հաւատքի անընդհատ կրկնուող մեղեդու նման։ Այդ քարակերտ խաչերը ոչ միայն ցաւի ու զոհաբերութեան խորհրդանիշ են, այլեւ յարութեան, յոյսի յաւիտենական կեանքի նկատմամբ ունեցած հաւատքի»։
Խօսքի վերջում Սերովբէ սրբազանը շնորհակալութիւն յայտնեց եւ իր օրհնութիւնը փոխանցեց բոլոր նրանց, որոնք նպաստել են Խաչաքարի տեղադրման նախաձեռնութեան իրականացմանը։
Ժամերգութիւնից յետոյ ներկաները շարժուեցին մայր տաճարի յարակից պարտէզ, որտեղ տեղի ունեցաւ Խաչքարի բացումն ու օրհնութիւնը։ Նախ՝ սաղմոսների ընթերցանութեան զուգահեռ շրջանի հոգեւոր հովիւ Տէր Յակոբ քահանան Խաչքարը լուաց ջրով եւ գինիով։ Այնուհետեւ Սերովբէ սրբազանի ձեռամբ կատարուեց Խաչքարի օրհնութիւնը։
Խաչքարի օրհնութեան կարգից յետոյ ողջոյնի խօսքով հանդէս եկան ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Դաւիթ Խուդաթեանը, Գերմանիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վիկտոր Ենգիբարեանը Երկրամասի Խորհրդարանի նախագահ դոկտոր Գուննար Շելենբերգէրը։
Դիւան Առաջնորդարանի
Fotos & Copyright: Ilka Ißermann und Kerstin Wille




+14