Սեպտեմբերի 14-ին, Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշեց իր հինգ տաղավար տօներից մէկը՝ Տիրոջ Սուրբ Խաչի վերացման տօնը կամ Խաչվերացը։ Տաղավար տօնի առիթով Թեմիս առաջնորդ, գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, այցելեց Հաննովեր քաղաք։ Հաննովերում եւ շրջակայքում ապրում են բազմահարիւր հայ ընտանիքներ։
Հաննովերի Սուրբ Օգոստինոս կաթողիկէ եկեղեցում Առաջնորդ սրբազանի հանդիսապետութեամբ մատուցուեց հայկական Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Հիւսիսային Գերմանիայի հայ համայնքների հոգեւոր հովիւ արժանապատիւ Տ․ Հրաչ քահանայ Բիլիջեանը։ Սուրբ Պատարագին ներկայ էին շուրջ 100 հաւատացեալներ՝ Հաննովերից եւ շրջակայքից։
Սբ․ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Համբուրգի Հայ Համայնքի եկեղեցական երգչախումբը։ Սուրբ Խորանին սպասարկեցին մի քանի դպիրներ։
«Հայր մեր»ից առաջ օրուայ պատգամը փոխանցեց Սերովբէ սրբազանը։ Առաջնորդ սրբազանը նախ իր ուրախութիւնն արտայայտեց, որ երկար ընդմիջումից յետոյ Հաննովերում կրկին Սուրբ Պատարագ է մատուցւում եւ տեղեկացրեց, որ դրանք այսուհետեւ կ’ունենան որոշակի պարբերականութիւն։ Այնուհետեւ Սրբազան Հայրը իր քարոզում անդրադարձաւ Տիրոջ Սուրբ Խաչի խորհրդին՝ ընդգծելով խաչի նշանակութիւնը որպէս կեանքի, յոյսի ու հաւատքի խորհրդանիշ:
Սուրբ Պատարագից յետոյ ներկաները հրաւիրուեցին նոյն եկեղեցու սրահ՝ սրճասեղանի։ Սրահում նոյնպէս Առաջնորդ սրբազանը իր խօսքն ուղղեց ներկաներին եւ պատասխանեց նրանց մի շարք հարցերին։ Ներկաներն առիթ ունեցան հաճելի մթնոլորտի մէջ միմեանց հետ շփուելու, իրենց մտքերն ու ապրումները փոխանակելու եւ միասին վայելելու տօնական տրամադրութիւնը:
Դիւան Առաջնորդարանի