25 Ապրիլ 2024-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Կաթողիկէ Մայր Տաճարի հարեւանութեամբ տեղադրուած Հայոց ցեղասպանության զոհերի յիշատակին նուիրուած խաչքարի մօտ տեղի ունեցաւ ծաղկեպսակի զետեղման արարողութիւն: Ծաղկեպսակներ զետեղուեցին Գերմանական Բունդեսթագի, Գերմանիայում ՀՀ դեսպանութեան, Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի անունով։
Ծաղկեպսակների զետեղումից յետոյ Թեմիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը ընկերակցութեամբ Բեռլինի հոգեւոր հովիւ արժ. Տ. Յակոբ քահանայ Յակոբեանի կատարեց Սրբոց նահատակաց բարեխօսական կարգ։
Արարողութիւններին ներկայ էին Բունդեսթագի փոխնախագահ Իվոնէ Մագվասը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարեանը, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Յովնաթան Շպանգենբերգը, Գերմանիայի Արտաքին գործոց նախարարութեան, ինչպէս նաեւ բեռլինահայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ:
Նոյն օրը Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանը Բունդեսթագում մասնակցեց երկու այլ հանդիպումների եւս, որոնց ընթացքում արծարծուեցին Հայոց ցեղասպանութեանը, Արցախի խնդրին եւ Հայաստանի շուրջ ծաւալուող աշխարհաքաղաքական զարգացումներին առնչուող հարցեր։
Հանդիպումներին Դեսպանութեան եւ Գերմանահայ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ միասին իր մասնակցութիւնը բերեց եւ ելոյթներով հանդէս եկաւ Հաագայի Միջազգային քրեական դատարանի հիմնադիր նախագահ Լուիս Մորենօ Օկամփօն` պատասխանելով նաեւ ներկայ պատգամաւորների հարցերին։