14 Նոյեմբեր 2025-ին, Քէօլնի Domforum-ում տեղի ունեցաւ հայ աշխարհիկ երաժշտութեան երեկոյ՝ մասնակցութեամբ հայ եւ օտար երաժիշտներից բաղկացած «Lignum vitae» (հայերէն՝ «Կենաց ծառ») համոյթի, ինչպէս նաեւ Քէօլնի հայ Համայնքի «Կոմիտաս» երգչախմբի։ Համերգային երեկոն կազմակերպուել էր Գերմանիայի Հայոց Թեմի կողմից՝ համագործակցութեամբ Քէօլնի Կաթողիկէ ուսումնական կենտրոնի։
Համերգի բացման խօսքերից յետոյ, որոնք կատարեցին «Domforum»-ի ներկայացուցիչ Դաւիթ Բրեքսիուսը եւ Առաջնորդարանի կողմից օրիորդ Լիլիթ Արզումանեանը, նախ հանդէս եկաւ Քէօլնի Հայ Համայնքի «Կոմիտաս» մեծերի եւ մանուկների խառն երգչախումբը` ղեկավարութեամբ Անուշ Նազարեանի եւ Իռենա Թաբաքէրի։ Երգչախումբը ներկայացրեց հայ կոմպոզիտորների ազգային֊հայրենասիրական մի քանի ստեղծագործութիւններ։
Ապա հանդիսութեան երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ «Lignum vitae» (հայերէն՝ «Կենաց ծառ») համոյթը` ղեկավարութեամբ Լիլիթ Տոնոյեանի։ Համոյթի կատարմամբ հնչեց հայ աշխարհիկ երաժշտութիւն` գուսանական երգեր, պարեղանակներ եւ հայկական ժողովրդական, գաւառական, գեղջկական երգերի մեղեդիներ` ջութակի, թաւջութակի, դուդուկի եւ հարուածային գործիքների միահիւսմամբ։ Համոյթը կարողացաւ ունկնդրին ներկայացնել երաժշտութեան աւանդական ու ժամանակակից հնչիւնների մի ներդաշնակ համադրութիւն՝ արժանանալով նրա ջերմ վերաբերմունքին ու գնահատանքին։
Համերգային երեկոն ամփոփուեց Առաջնորդ Սրբազան Հօր օրհնութեան ու շնորհակալական խօսքով։
Դիւան Առաջնորդարանի
*
Լուսանկարները՝ Էդմոնդ Հաղնազարյանի











