Հայկական երաժշտութեան նոր շունչ՝ ի յարգանս Կոմիտաս Վարդապետի
20 Նոյեմբեր 2026֊ին, կազմակերպութեամբ Գերմանիայի Հայոց Թեմի եւ համագործակցութեամբ Քէօլնի Կաթողիկէ Ուսումնական կենտրոնի «Դոմֆորում» (Domforum) հանդիսասրահում, տեղի ունեցաւ «Հայ երաժիշտների նոր սերունդ» («Neue Generation – Musik aus Armenien») խորագրով համերգը՝ նուիրուած հայ մեծանուն հոգեւորական, երգահան եւ երաժշտագէտ Կոմիտաս Վարդապետի յիշատակին։
Համերգի բացումը յանուն Գերմանիայի Հայոց Թեմի եւ Առաջնորդ սրբազանի կատարեց Առաջնորդարանի քարտուղար բարեշնորհ Սայաթ սարկաւագ Պօյաճեանը, ով ողջունեց ներկաներին եւ անդրադարձաւ համերգի նշանակութեանը՝ հայ երաժշտական մշակոյթի պահպանման, զարգացման եւ նոր սերնդի ստեղծագործական ներուժի բացայայտման տեսանկիւնից։
Համերգին մասնակցեցին Հայաստանի երիտասարդ սերնդի երեք շնորհալի ստեղծագործող դաշնակահարներ՝ Արթուր Գրիգորեանը, Հայկ Ջուլհակեանը եւ Արտաշէս Մոսիկեանը, որոնք ազգային եւ միջազգային երաժշտական մրցոյթների բազմակի մրցանակակիրներ են։
Երիտասարդ արուեստագէտները հանդիսատեսին ներկայացրին Կոմիտասեան ստեղծագործութիւններ, ինչպէս նաեւ իրենց հեղինակային ստեղծագործութիւնները՝ բացայայտելով ժամանակակից հայկական երաժշտութեան բազմազանութիւնը, ստեղծագործական նոր որոնումները եւ ազգային երաժշտական աւանդոյթների շարունակականութիւնը։
Համերգի գեղարուեստական ղեկավարութիւնն իրականացրեց երգահան Արփինէ Կալինինան, իսկ որպէս հրաւիրեալ մեներգչուհի հանդէս եկաւ Քեօլնի Հայ Համայնքի «Կոմիտաս» երգչախմբի խմբավար, մեներգչուհի Անուշ Նազարեանը։
«Նուիրում Կոմիտասին» խորագրով երաժշտական այս երեկոն միաւորեց հայկական երաժշտական հարուստ ժառանգութիւնն ու երիտասարդ ստեղծագործողների նորարարական մտածողութիւնը՝ կամուրջ ստեղծելով անցեալի եւ ներկայի միջեւ։
Համերգի աւարտին օրհնութեան եւ շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Սրբազան Հայրը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց երիտասարդ երաժիշտներին, համերգի գեղարուեստական ղեկավարին, մասնակիցներին եւ կազմակերպիչներին՝ հայկական երաժշտական արուեստի տարածմանն ու արժեւորմանն ուղղուած նրանց նուիրեալ ջանքերի համար։ Նա իր հայրական օրհնութիւնը փոխանցեց արուեստագէտներին՝ մաղթելով նրանց ստեղծագործական նորանոր յաջողութիւններ եւ բեղմնաւոր գործունէութիւն։
Հայ երիտասարդ երաժիշտների ելոյթները Գերմանիայում կարեւոր առիթ են՝ եւրոպական երաժշտասէր հանրութեանը ներկայացնելու հայկական ժամանակակից ստեղծագործական արուեստը, արժեւորելու Կոմիտաս Վարդապետի թողած անգնահատելի ժառանգութիւնը եւ խրախուսելու հայ երաժիշտների նոր սերնդի միջազգային ներկայութիւնը։
Fotos: Edmond Haghnazarian, Hayr Yegishe Avetisyan











